ՃՇՀԱՀ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 95-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
«ԷԻԿ» ամբիոնի վարիչի ողջույնի խոսքը
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
Հարգելի այցելուներ (ուսանողներ, դասախոսներ)
Ողջունում եմ ձեզ ՃՇՀԱՀ-ի «ԷԻԿ» ամբիոնի պաշտոնական կայքում։
Մեր ամբիոնի ecoma.am պաշտոնական կայքը, որն արդեն ավելի քան տաս տարի է, ինչ գործում է, իր կարճատև, բայց արդյունավետ գործունեության ընթացքում հասցրել է ապացուցել, որ կարող է դառնալ ուսումնական կյանքն արտացոլող հզոր գործիք, տեղեկատվության աղբյուր, հպարտորեն իր հայացքն ուղղել արտաքին աշխարհին և լինել ներկայանալի: Մեր կայքում ունենք ընդարձակ մասնագիտական գրադարան, որը նպաստում է ուսանողների ուսումնական գործառնություններին: Նշենք, որ այն, ինչ ունենք այսօր էլեկտրոնային շփման միջավայրում, մշտապես ենթարկվում է փոփոխման ու նորացման Ուստի հավաստիացնում եմ, որ ժամանակի ոգով ու պահանջներով առաջնորդվելով` ՃՇՀԱՀ-ի «ԷԻԿ» ամբիոնի պաշտոնական կայքը կծառայի բոլոր այցելուներին` լավագույնս իրականացնելով իր գործառույթները:
Այն լայնածավալ գործունեությունը, որ որդեգրել է ամբիոնը, բաց է ու տեսանելի: Մենք ձգտում ենք բուհի ուսանողի, աշխատակցի, վաղվա դիմորդի և պարզապես բուհով հետաքրքված յուրաքանչյուր մարդու համար լինել անմիջական շփման ու հասանելիության դաշտում:
Մեր ամբիոնի հիմնական առաքելությունը բարձրորակ մասնագետների պատրաստումն է` նպաստելով մեր երկրին արժանի հասարակության ստեղծմանը։ Այս առումով մենք իրականացնում ենք մի շարք կարևորագույն քայլեր` ապահովում ենք բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման չափորոշիչների պահանջներին համապատասխան կրթություն, կատարում ենք գիտահետազոտական լայնածավալ աշխատանքներ, տարեցտարի ընդլայնում ենք միջազգային համագործակցության շրջանակները:
Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ մեր ուսանողները պետք է ունենան ոչ միայն խոր և կայուն գիտելիքներ, բարձր պատրաստվածություն, այլև լինեն Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացիներ։ Որտեղ աշխատանք, նպատակասլացություն ու նոր միտք, այնտեղ նաև հաջողություն։
Վստահենք միմյանց և հավատանք մեր հաջողությանը:
Հարգանքով՝ ՃՇՀԱՀ-ի «ԷԻԿ» ամբիոնի վարիչ՝ Ս. Շ. Ստեփանյան